


Արմինֆո. Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը:
«Շարունակում են չափել իրականությունը իրավաբանական նորմերով՝ համառորեն անտեսելով քաղաքականության սկզբունքներն ու օրենքները:
Սա է պատճառը, որ հասարակության մեջ կարծրանում է այն կարծիքը, որ Հայաստանում փաստացի բացակայում է քաղաքական պայքարը: Թերևս այն բացակայում էր նաև նախընտրական փուլում, երբ ընդդիմությունը սպիտակ ձեռնոցներով փորձում էր մրցել քաղաքական գիշատիչի հետ: Կար մրցակցություն: Չկար պայքար:
Եվ ուրեմն էքզիստենցիալ, քաղաքակրթական նշանակության ընտրությունների մասին բոլոր հայտարարությունները դատարկաբանություն էին: Խոսույթի մակարդակում սահմանվել էր մի շրջանակ, որին դուք չէիք համապատասխանում:
Այսօր, այս պահին Երևանի ու այլ քաղաքների փողոցներն ու հրապարակները պետք է հեղեղված լինեին մարդկանցով: Պետք է բարձրացված լիներ համատարած անհնազանդության ալիք: Վստահեցնում եմ, դա ձեր իրավաբանությանը չէր խանգարի: Հակառակը՝ կամրապնդեր ձեր իսկ դիրքերը ինստիտուցիոնալ մակարդակում:
Բայց դուք նախընտրում եք չհանել ձեր սպիտակ ձեռնոցները: Անկախ վերահաշվարկի արդունքներից, անկախ հնարավոր վերադասավորումներից՝ հարացուցային իմաստով բան չի փոխվելու: Որովհետև դուք շարունակելու եք զբաղվել իրավաբանությամբ, իսկ քաղաքական գիշատիչը՝ իր ուղիղ գործով՝ քաղաքականությամբ», - ընդգծել է քաղաքագետը։
Նշենք, որ ներկայումս ձայների վերահաշվարկ է ընթանում Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գործած 2005 ընտրատեղամասերից 555-ում:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին ։ Քվեարկության արդյունքում վարչապետի "Քաղաքացիական պայմանագիրը" հավաքել է ձայների 49,82 տոկոսը: Դա ավելի քիչ է, քան պահանջվում է կառավարության միանձնյա ձևավորման համար ։ Սակայն կուսակցությունը դրա համար անհրաժեշտ թվով տեղեր կստանա ազգային փոքրամասնությունների մանդատների եւ խորհրդարան չանցած ուժերի ձայների վերաբաշխման հաշվին։ Երկրորդ տեղը՝ 23,28 տոկոսով զբաղեցրել է "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երրորդը ՝ "Հայաստան" դաշինքը, որը հավաքել է 9,93 տոկոս:



