
Արմինֆո."Խաղաղության կամուրջ" նախաձեռնության շրջանակում հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով ՝ անցնելով սահմանազատված և սահմանագծված հատվածը և սահմանային ու անձնագրային հսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը՝ մասնակցելու 2026 թվականի ապրիլի 10-12-ը կայանալիք երկկողմ կլոր սեղանին։
Ինչպես հաղորդել են "Հայկական խորհուրդ" (Armenian Council) գիտահետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունից, կլոր սեղանին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները: Հանդիպման օրակարգում խաղաղւոթյան գործընթացի ներկա վիճակի քննարկումն է, իրենց երկրներում "Խաղաղության կամուրջ" նախաձեռնության մասնակիցների գործունեության և ձեռք բերված արդյունքների ներկայացումը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: Աղբյուրի համաձայն, առանձին նստաշրջանները նվիրված կլինեն խաղաղության խթանմանը հասարակության մակարդակով և վստահության ամրապնդմանը՝ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում:
Ինչպես հիշեցրել են Կենտրոնից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրումից հետո։
Հիշեցնենք, որ "Խաղաղության կամուրջ "նախաձեռնության շրջանակում փետրվարի 13-14-ը Հայաստանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան: Այն ժամանակ ադրբեջանական պատվիրակությունն առաջին անգամ Հայաստան էր ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածներով ՝ անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Դրանից հետո Երևանում տեղի էր ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ "Խաղաղության կամուրջ" նախաձեռնության հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել էին Ծաղկաձորում ադրբեջանցի գործընկերների հետ առաջին հանդիպման արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել էին երկու կողմերին հուզող հումանիտար հարցեր: Հայկական կողմից բարձրացվել էր հայ ռազմագերիներին Բաքվում պահելու հարցը։ Ադրբեջանական կողմից բարձրացվել էր Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների և 1990թ. պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների մասին տեղեկատվության տրամադրման հարցը: Հատկանշական է, որ ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը, խոսելով հանդիպման արդյունքների մասին, փաստել էր, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում երկու կողմերի համար, և երկու երկրներում էլ մարդիկ չեն հասցնում դրանք իմաստավորել: Մասնավորապես, նրա ասելով, երկու կողմերն էլ դժգոհություն են հայտնել, որ չեն հասցնում հետևել երկու երկրների միջև քաղաքական գործընթացներին:
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև նկատել էին, որ դեռևս չի կարելի ճշգրիտ պնդել, որ նախաձեռնությունը հաջողված է լինելու: Քանի որ, ըստ նրանց, գործընթացը կախված է ոչ միայն մասնակիցներից, այլև արտաքին և ներքին գործոններից: