
Արմինֆո. Հայաստանը և Նորվեգիան քննարկել են համագործակցության հնարավորությունները Փարիզյան համաձայնագրի 6.2-րդ հոդվածի շրջանակներում, որը կարգավորում է գործակցությունը միջազգային ածխածնային շուկաներում: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի և Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հանդիպման արդյունքներին:
Նորվեգական կողմը ներկայացրել է Նորվեգիայի արտանետումների գլոբալ կրճատման նախաձեռնությունը (NOGER)՝ որպես միջպետական համագործակցության մեխանիզմ, որն ուղղված է արտանետումների լրացուցիչ կրճատմանը, «կանաչ» անցմանը և բարձր վստահության մակարդակով միջազգային փոխգործակցության զարգացմանը:
Համբարձում Մաթևոսյանը ողջունել է Նորվեգիայի առաջատար դերը 6.2-րդ հոդվածի շրջանակներում և ընդգծել հայ-նորվեգական համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման կարևորությունը, մասնավորապես՝ NOGER նախաձեռնության շրջանակներում: Նա նշել է, որ գործակցությունը կարող է սկսվել տեխնիկական պատրաստվածության բարձրացման փուլից, ոլորտային վերլուծությունից և մեթոդաբանական աշխատանքից՝ հետագայում անցում կատարելով պիլոտային ծրագրերի իրականացմանը, հատկապես արդյունաբերական հատվածում: Նախարարը շեշտել է, որ նման փոխգործակցությունը կնպաստի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՄՍԳ 3.0 - NDC 3.0) շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը, կհզորացնի երկրի ինստիտուցիոնալ կարողությունները հոդվածի մեխանիզմներին մասնակցելու համար և նոր հնարավորություններ կբացի կլիմայական ֆինանսավորման ու ցածր ածխածնային զարգացման ներդրումների ներգրավման համար:
Նորվեգական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին միջազգային բանակցային գործընթացներում:
Հաղորդվում է նաև, որ զրուցակիցները քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները՝ անդրադառնալով նաև բնական աղետների, մասնավորապես՝ ջրհեղեղների կառավարման և կանխարգելման նորվեգական փորձին: Նրանք անդրադարձել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, միանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման քաղաքականությանը, ինչպես նաև թվային գործիքների կիրառմանը՝ բնապահպանական խնդիրների հայտնաբերման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: