
Արմինֆո."Սրբազան պայքար" շարժման 18 կողմնակիցների գործով փաստաբանները ներկայացրել են նոր հանցանշանը, որն, իբր, հայտնաբերվել է անցած տարվա հունիսին շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նստավայրում կատարված խուզարկություններից հետո:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել է "Հեղաշրջման ծրագիր" անվանմամբ փաստաթուղթ, որը քննիչները վերագրում են Գալստանյանին: "Սակայն, ցանկացած իրավապահի կամ քննիչի համար պետք է ակնհայտ լինի, որ նման պնդումներ անելուց առաջ անհրաժեշտ է անհերքելի ապացույցների առկայություն։ Մասնավորապես, միակ տարբերակը, որի դեպքում տեղին կլիներ նման հայտարարություններ անել, ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելն է", - նշել է Խուդոյանը։
Սակայն, ինչպես հայտնել Է փաստաբանը, նման փորձաքննություն չի նշանակվել, ավելին, անգամ փորձ չի արվել այն անցկացնել։ "Բայց, նույնիսկ, փորձագետ չհանդիսացող անձը Բագրատ Գալստանյանի և տվյալ փաստաթղթի իրական գրառումները համեմատելիս կհասկանա, որ դա նույն ձեռագիրը չէ", - ընդգծել է փաստաբանը:
Դրանից հետո Գալստանյանի պաշտպանական կողմը ներկայացրել է խուզարկությունների տեսագրությունը, որոնց ընթացքում այդ փաստաթուղթն, իբր, հայտնաբերվել է, իսկ փաստաբան Տաթևիկ Սողոյանը ցույց է տվել բուն "ծրագրի" տպագիրը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ փաստաթուղթը գրված է անգլերեն: "Հատկանշական է, որ դրանում, ի թիվս այլ բաների, հիշատակվում են այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսպանիան, այսինքն, իբր, այդ բոլոր երկրները պետք է ներգրավված լինեին այդ գործընթացներում։ Ստորև գրված է, թե, իբր, անհրաժեշտ է ներթափանցել թշնամու երկիր և 150-250 պատանդ վերցնել", - պատմել է փաստաբանը, ներկայացնելով, այսպես կոչված, պլանում առկա տեղեկատվությունը։
Նա հաղորդել է, որ իրենք մտադիր են հրապարակել այդ փաստաթուղթը, որպեսզի հասարակությունն՝ ինքը , կարողանա համեմատել ձեռագրերը եւ տեսնել դրանց տարբերությունը, ինչպես նաեւ բովանդակության անհամապատասխանությունը:
Բացի այդ, փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ քրեական գործի նյութերում չկա ոչ մի քրեադատավարական վերլուծություն այն մասին, թե ինչ կապ ունի այդ փաստաթուղթը ենթադրյալ մեղադրանքի հետ։ Սողոյանը խոստովանել է, որ Բագրատ Գալստանյանը լավ տիրապետում է անգլերենին, քանի որ մագիստրոսի աստիճան է ստացել Անգլիայի բարձրագույն ուսումնական հաստատությունում, սակայն ուշադրություն է հրավիրել, որ առօրյա կյանքում նա նախընտրում էր բոլոր գրառումները կատարել բացառապես մայրենի լեզվով: Փաստաբանները նաև ուշադրություն են հրավիրել կատարյալ գրված "ծրագրին", ինչը նույնպես նրանց խոսքով շատ հարցեր է առաջացնում ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին հակաեկեղեցական լայն արշավ էր սկսել ՝ պահանջելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Այդ արշավի շրջանակներում կալանավորվել են մի շարք հոգևորականներ։ Հունիսի 25-ին կալանքի տակ են առնվել "Սրբազան պայքար" շարժման 18 ընդդիմադիր գործիչներ և համակիրներ ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղսագրվում է "իշխանությունը զավթելու" փորձ և "ահաբեկչություն"։ Որպես նրանց մեղավորության ապացույց բերվում են "շարժման անդամների միջև խոսակցությունների ձայնագրությունները"։