
Արմինֆո.Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզի քաղաքապետարան այցի շրջանակում բարձրացրել է միջազգային ճնշման մեխանիզմների ակտիվացման հարցը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունից, Դանիելյանը Փարիզի փոխքաղաքապետ, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ադրե Պուլվարի հետ հանդիպման ընթացքում երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված հետևողական ուշադրության և աջակցության համար, ընդգծելով, որ այդ աջակցությունը հատկապես կարևոր է եղել ինչպես Արցախի շրջափակման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ծանր և ողբերգական զարգացումների ժամանակահատվածում։ Կողմերը քննարկել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի շուրջ միջազգային իրազեկման և ճնշման մեխանիզմների ակտիվացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և նրանց կարիքների հասցեական լուծման ուղիները։ Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ առաջիկայում Երևանում համատեղ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։
Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ալֆորվիլ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Լուկ Կարվոնասի, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի և փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Ալֆորվիլի քաղաքային խորհրդի և բնակչության կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Արցախի դեմ իրականացված ագրեսիաների ընթացքում։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Արցախի նկատմամբ, որը հանգեցրեց ԼՂՀ լիակատար հայաթափման։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի լիակատար էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։