


Արմինֆո. Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը (նստավայրը՝ Թբիլիսի) այցելել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը, նորվեգացի դիվանագետին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցրել են, որ նախորդ տարի ԿԸՀ-ն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հայտարարել էին ARTEMIS նախագծի մեկնարկի մասին, որն ուղղված է ընտրական համակարգում թափանցիկ և ներառական բարեփոխումների աջակցմանը: Նորվեգիայի դեսպանը նույնպես մասնակցել էր փաստաթղթի ստորագրմանը: Հովլանդը հետաքրքրություն է ցուցաբերել նախագծի աշխատանքների և հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացի նկատմամբ:



