
Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քննարկումների միջոցով համաձայնության գան հայկական երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի հարցում, կարծում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լրագրողների հետ զրույցում, խնդրանքին՝ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը ռուսական կողմին՝ դիտարկել Հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության, մասնավորապես՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին վաճառելու հարցը, նա նշեց, որ դա շատ բարդ հարց է, դեռևս հնարավոր չէ դրան պատասխան տալ, բայց լուծումը պետք է գտնվի։
Միևնույն ժամանակ Հայաստանի փոխվարչապետը խոստովանեց, որ այսօր Երևանի և Մոսկվայի միջև կոնցեսիայի վաճառքի հարցով բանակցություններ չկան։
Գրիգորյանն անդրադարձավ նաև Երևանի խնդրանքին՝ կապված երկաթուղու երկու հատվածների վերականգնման հետ, որոնք Հայաստանին թույլ կտան ելք ունենալ դեպի Թուրքիա և Ադրբեջան։ «Հայկական կողմն իսկապես բարձրացրել է երկու հատվածների շինարարության հարցը, որպեսզի երկաթուղին լիարժեք գործի և պատրաստ լինի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին։ Սա շատ կոնկրետ ֆորմալ գործընթաց է, և այո՛, հայկական կողմից նման առաջարկ հնչել է։ Մնացած հարցերի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ բան չկա։ Բայց ամեն դեպքում վերականգնումը պետք է տեղի ունենա»,- նշել է Գրիգորյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու է Հայաստանը խնդրել ՌԴ-ին վերականգնել ճանապարհի երկու հատվածները, եթե պատրաստվում էր խնդրել վաճառել կոնցեսիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոները 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը։ Կոնցեսիայի ժամկետը նախատեսված է 30 տարվա համար։
Այս տարվա փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ռուսական կողմին առաջարկել էր դիտարկել հանրապետության երկաթուղիների կոնցեսիայի իրավունքը Մոսկվային և Երևանին բարեկամ որևէ պետության վաճառելու հարցը։ Որպես տարբերակներ նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Քաթարը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը պնդել էր, որ Հայաստանը ՌԴ-ի դեմ ոչինչ չունի, սակայն ռուսական կոնցեսիան «որոշակի մրցակցային կորուստներ» է ստեղծում հանրապետության համար։
Հայաստանի վարչապետի նման առաջարկից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է անվանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիոն կառավարումը մրցակցային ծախսեր է ստեղծում հայկական կողմի համար։ Նա ընդգծել է, որ ռուսական օպերատորը մի կառույց է, որը Հայաստանի Հանրապետությանը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ «Երևանի խնդրանքով՝ դեպի Թուրքիա և Ադրբեջան Հայաստանի ելքն ապահովելու համար երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի 12-ին։ Հենց այդ դիրքորոշմանն էլ մենք կհետևենք»,- ասել է Զախարովան։
Օվերչուկը, մեկնաբանելով հայկական կողմի դիմումը, հայտարարել էր, որ ելնելով հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական ու եղբայրական զգացումներից՝ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին Երասխ քաղաքի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին Ախուրյան բնակավայրի շրջանում։