
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությանը չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել բուն ընտրությունները։ Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
"Նույնիսկ Անդրկովկասի երկրորդ բռնապետի տիտղոսին հասած մարդը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ, քանի որ "Ուժեղ Հայաստան"-ին չգրանցելը նշանակում է ամբողջ ընտրական գործընթացը կասկածի տակ դնել ողջ աշխարհի առջև: Ես չեմ կարծում, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ուղղակի հնարավոր է թույլ չտալ իշխանության ձգտող ուժին, 50+1 տոկոս ձայն ունեցող ուժին մասնակցել ընտրություններին ։ Այդ դեպքում աշխարհն ինչպե՞ս կարձագանքի այս ամենին", - ասել է նա։
Խոսելով կուսակցության ներկայացուցիչների այսօրվա ձերբակալությունների մասին ՝ Ղազինյանը նշել է, որ չի հասկանում իշխանությունների պահվածքը։ Նա նկատել է, որ առավոտից խուզարկություններ են ընթանում կուսակցության ներկայացուցիչների բնակարաններում և գրասենյակներում, կրկին բերման են ենթարկել մի կնոջ ՝ Հասմիկ Ամիրզադյանին, ով ընդգրկված է "Ուժեղ Հայաստանի" նախընտրական ցուցակում: "Մենք շատ հանգիստ ենք վերաբերվում այս ամենին, այնպես չէ, որ մենք դա չէինք սպասում։ Պարզապես, իշխանությունները դեռ չեն հասկանում, որ այս ամենն իրենց դեմ է աշխատում, որովհետև յուրաքանչյուր մարդու հետևից, ում փորձում են վախի ենթարկել, գալիս է ևս 10 հոգի", - ասել է կուսակցության ներկայացուցիչը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողներին հաղորդել էր, որ "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է առաջադրվել, քննարկվում է խափանման միջոցի հարցը: "Ես բարձրացել եմ իմ պաշտպանյալ Հասմիկ Ամիրզադյանի մոտ, բայց մնացած մասով որևէ տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակում է գործընթացը։ Մենք զանգահարեցինք մարդու իրավունքների պաշտպանին, Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գծին և խնդրեցինք վերացնել այս խախտումը և ապահովել մեր անհապաղ ներգրավվածությունը: Ամիրզադյանն՝ ինքը, մեղադրանքը չի ընդունում։ Նա ունի 5 որդեգրված անչափահաս երեխա, հույս ունեմ, որ դա հաշվի կառնվի", - ասել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել "Ուժեղ Հայաստան" կուսակցության համակիրների տներում, որից հետո նրանց բերման են ենթարկել: