


Արմինֆո. Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյին:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։
Անթալիայի դիվանագիտական համաաժողովը տեղի է ունենում 2026թ․ ապրիլի 17-19-ը Բելեկում ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, 50 նախարարներ և 150 երկրների ներկայացուցիչներ ՝ տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և միջազգային հարաբերությունների քննարկման համար: Հայաստանը Միջոցառմանը մասնակցում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի մակարդակով ։



