


Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարքություն:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարք Ամենապատիվ տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԺ նախագահն Ամենապատիվ տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջայց իրականացրել Պատրիարքության տարածքում:
Պատրիարքարանն, իր հերթին, հաղորդել է, որ հանդիպման ընթացքում Սահակ Բ-ն մտահոգություն է հայտնել Հայոց եկեղեցու եւ կառավարության միջեւ լարվածության առնչությամբ: Նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ տարաձայնությունների շուտափույթ դադարեցման, ինչպես նաև համաձայնության եւ համերաշխության վերականգնման հույս է հայտնել։
Հոգևոր առաջնորդը կարևորել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ զարգացումը: Նա նշել է, որ ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը հուսադրող քայլ կլինի՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցության և ընդհանուր զարգացման:
Նշենք, որ Հայաստանի իշխանություններն անցած տարվա մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Ավելին՝ կաթողիկոսի տապալումն ու եկեղեցու ենթակայությունը ներառված է Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական քարոզարշավում ։



