
Արմինֆո. Ներկայիս կառավարիչների գործողությունները չեն կանխի օրինական ճանապարհով իշխանափոխությունը, սակայն դրանք խորը և ցավոտ սպի կթողնեն ազգային իրավական և քաղաքական մշակույթի վրա: Այդ մասին "Գոլոս Արմենիի" պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական ուժը, որն ինքն է ակնհայտ զանգվածային ընտրախախտումներ կատարում, միաժամանակ մսխելով պետական միջոցները, թիրախավորել է աննախադեպ բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժին՝ հետապնդելով սեփական նպատակները, որոնց թվում են հանրության ուշադրությունը սեփական մասշտաբային իրավախախտումների թեմայից շեղելը, հզոր քաղաքական ուժի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար հող նախապատրաստելը, ընդդիմադիր քաղաքական ուժերի և անհատների հեղինակության վարկաբեկումը, վախի մթնոլորտի սերմանումը: Այս բոլոր գործողությունները կոչված են քաղաքացիների շրջանում ապատիա առաջացնելու՝ հետ մղելով ընտրություններին մասնակցելու ցանկությունը։ "Անմիջապես նշեմ․ ես համոզված եմ, որ այս գործողությունները չեն կանխի օրինական ճանապարհով իշխանափոխությունը, սակայն դրանք խորը և ցավոտ սպի կթողնեն ազգային իրավական և քաղաքական մշակույթի վրա ։ Այս իշխանությունների հիմնական զենքը մեր հասարակության ապատիան է։ Քվեարկությանը մասնակցության ցածր ցուցանիշը նրանց հնարավորություն կտա անարգել օգտագործել վարչական ռեսուրսը և արձանագրել ցանկալի արդյունքներ: Ուստի, կոչ եմ անում մեր քաղաքացիներին ընդամենը մի քանի րոպե տրամադրել և մասնակցել ընտրություններին։ Սա ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե այն մասին, թե կլինի մեր պետությունը, թե՝ ոչ", - նշել է պրոֆեսորը։
Նա հավելել է, որ "Ընտրական օրենսգիրք" սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածում ավելացվել է նորմ, որն արգելում է բարեգործությունը կուսակցությունների և նրանց հետ ասոցացված կազմակերպությունների կողմից՝ ընտրությունների նշանակման օրվանից: Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմնակիցների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելն ու ապօրինի մեթոդներով քրեական հետապնդում իրականացնելն է։ Քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների համատարած գաղտնալսումը, որի համար, ի դեպ, ահռելի միջոցներ են ծախսվում, արդեն իսկ վերածվել է սովորական երևույթի։ Ընդ որում, անմեղության կանխավարկածի սկզբունքի և մինչդատական վարույթի գաղտնիության խախտմամբ, բացառապես վարկաբեկման նպատակով հրապարակվում են այդ նույն ձայնագրությունների հատվածական մասերը։ Վստահություն չի ներշնչում նաև, թե արդյոք այդ գաղտնալսումներն արվել են ընտրությունների նշանակման օրվանից հետո, թե՝ դրանից առաջ։
Այս ֆոնին, ինչպես նշել է Դանիելյանը, Եվրոպական միության վերնախավը, բացահայտորեն տեղի տալով Հայաստանի գործող իշխանության բոլոր հարցումներին, կգնա ցանկացած քայլի, որպեսզի կյանքի կոչվի "մոլդովական սցենարը": "Բայց այդ փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ բացակայում են այդ սցենարի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալները։ Հայ ժողովուրդն արդեն երկար ժամանակ բացահայտ հակակրանք է տածում կառավարող ուժի նկատմամբ ՝ նրա անողնաշարության և անգործունակության առնչությամբ։ Իսկ եթե համարժեք գնահատենք իրավիճակը, ապա հենց "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գործունեությունն է ենթակա արգելման։ Բերեմ ընդաամենը մեկ օրինակ․ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման կարգին լրջագույն կապ ունի սահմանադրական կարգի տապալման հետ", - արձանագրել է նախկին նախարարը։