


Արմինֆո. Հայաստանում հաստատված իրավական կարգը բխում է քաղաքացիներից, նրանց որոշումներից և համաձայնությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հերթական դրույթները։
Նրա խոսքով՝ հենց դրան է նվիրված ծրագրի յոթերորդ բաժինը, որը վերաբերում է ներքին անվտանգությանը և ուղղակիորեն կապված է լեգիտիմության հետ։ Հենց լեգիտիմությունն է ներքին անվտանգության ապահովման կարևորագույն և հիմնական գործոնը։ «Ներքին լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է և պետություն ունենալու նրա կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներքին հարաբերությունների և ինստիտուտների անվիճելի լեգիտիմությամբ։ Հնարավոր չէ ապահովել իրավունքներն ու ազատությունները առանց սահմանափակումների կիրառման։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, կառավարության և այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով»,- ընդգծել է վարչապետը։
Լեգիտիմության ևս մեկ աղբյուր է Սահմանադրությունը։ Նախկինում Հայաստանում հանրաքվեների արդյունքները զանգվածաբար կասկածի տակ էին դրվում, ինչից էլ բխում էր արդարության և վստահության պակասը։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղին ժողովրդի կամարտահայտմամբ նոր Սահմանադրության ընդունումն է, ինչը լիակատար լեգիտիմություն կհաղորդի երկրում հաստատված իրավակարգին։ Նոր Սահմանադրությամբ պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը՝ որպես ժողովրդի և արդարադատության միջև կապի դրսևորում։
Փաշինյանը վստահեցրել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում կշարունակվեն դատաիրավական համակարգի բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը։
Հիշեցնենք, որ երկրում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Ըստ ժամանակացույցի՝ քաղաքական ուժերի առաջադրումը մեկնարկել է ապրիլի 13-ին։ Գրանցումը կավարտվի մայիսի 3-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի ընտրություններից երկու օր առաջ՝ հունիսի 5-ին։



