
Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը և "Ուժեղ Հայաստան" դաշինքը հուշագիր են ստորագրել 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցության մասին: Այդ մասին ասվում է «Ապրելու երկիր» կուսակցության հաղորդագրությունում։
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։
Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
Համագործակցության հիմքում ընկած է․ Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը; Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման; Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն; Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 13-ին "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց քաղաքական ուժը դիտարկում է համախմբման հնարավորությունը բացառապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ՝ բացառելով համագործակցությունը խորհրդարանական կուսակցությունների հետ։ Բացի այդ, Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք մտադիր են միավորվել նորաստեղծ կուսակցությունների հետ։
Հավելենք, որ 2026 թվականի մարտի 31-ին Նարեկ Կարապետյանն "Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ" դաշինքի ստեղծման մասին հուշագիր է ստորագրել "Նոր դարաշրջան" կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ "Միավորված հայեր" կուսակցության լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ: