


Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Ինչպես նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ, համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին։ Այն մշակվել է "Միջազգային պայմանագրերի մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան։
Ներկայումս երկու պետությունների դեսպանատներն իրենց գործունեությունն իրականացնում են վարձակալված տարածքներում, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել ֆինանսական և ֆունկցիոնալ սահմանափակումների: Միայն 1993-1996թթ. և 2008-2026թթ. հայկական կողմի համար վարձավճարն արդեն կազմել է 1,145 մլն դոլար: Մինչդեռ, նոր շենքի կառուցման համար կպահանջվի մոտ 1,5 մլն դոլար: Օբյեկտը շահագործման հանձնելուց հետո այն կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը:



