


Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: "Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը", - ասվում է սոցիալական ցանցերում ՌԴ դեսպանատան հրապարակման մեջ:
1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է "1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին" հայտարարություն՝ 1915-1922 թվականներին Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի հիման վրա: Դրանում նաեւ նշված է, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի կործանման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Պետական Դուման դատապարտել է հայերի բնաջնջման կազմակերպիչներին, ցավակցություն հայտնել հայ ժողովրդին և ապրիլի 24-ը ճանաչել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Իր խոսքում ռուսական պետության ղեկավարը հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվել են որպես սեփական վիշտ, նշելով, որ հարյուր հազարավոր անպաշտպան և ապաստան կորցրած հայեր ապաստան ստացան Ռուսաստանի տարածքում և փրկվեցին: Նա նաև հիշեցրել էր, որ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի նկատմամբ բռննության դատապարտման․ արտաքին գործերի Նախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնննությամբ արդեն 1915 թվին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարության մեջ կատարվածն անվանել են հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության։



