


Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ (Ռուսաստանի, Կովկասի, ինչպես նաև եվրոպական անվտանգության և քաղաքականության հարցերով) Սոնատա Քոուլթերը մասնակցել է Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի արարողությանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը:
Ինչպես հայտնում է հայկական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը, իսկ աղոթք են բարձրացրել արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը և քահանա Հովսեփ Կարապետյանը:
Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ ուղերձ է հղել: Վերջինում ասվում է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերին, ովքեր տեղահանվել և դաժանաբար սպանվել են Մեծ Եղեռնի ժամանակ: Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած և մինչ օրս համայնքների հավաքական հիշողության մեջ ապրող ողբերգական իրադարձությունների հիշատակի այս օրը մենք անսասան համերաշխություն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահային և աշխարհի բոլոր հայերին: Մարդկության պատմության այս սգո էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մենք խոնարհվում ենք այն խորը ուժի և վճռականության առջև, որը դրսևորել են հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով մեծ ապագա՝ բնորոշված կայուն բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք պարտավորվում ենք աջակցել նրանց»:



