


Արմինֆո. "Տաշիր Պիցցա" ընկերությունը երբեք չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում չի հետապնդում: Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։
"Վերջին շրջանում մեր ընկերության շուրջ լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվում է քաղաքական ուղղվածություն ունեցող ապատեղեկատվություն, ըստ որի, "Տաշիր Պիցցա" ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ իրականացվել են քաղաքական ճնշումներ, մասնավորապես, հանրահավաքներին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ "Տաշիր Պիցցա" ընկերության աշխատակիցները լիովին ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումների մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման իրենց ղեկավարության կողմից: Ընկերության որեւէ աշխատակից երբեւէ չի հեռացվել աշխատանքից իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման պատճառով: Հավելենք նաև, որ "Տաշիր Պիցցա" ընկերությունը երբեք չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում: Մեր ընկերության դեմ ուղղված նմանատիպ հրապարակումները հանդիսանում են զրպարտություն՝ ուղղված մեր հեղինակության և բարի համբավի դեմ", - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ "Տաշիր պիցցան" մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, որը գլխավորում է տնային կալանքի տակ գտնվող գործարար և բարերար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: 2025 թվականի հուլիսին Հայաստանում ծավալվել է արշավ ՝ կապված "Տաշիր Պիցցա" ցանցի ղեկավարության հետ։ Մասնավորապես, կալանավորվել է ընկերության տնօրեն Վաղինակ Ղազարյանը՝ հարկեր չվճարելու մեղադրանքով։



