
Արմինֆո. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտողները քիչ չեն՝ չնայած այն հանգամանքին, որ դա շատ լավ փաստագրված հանցագործություն է: Այս մասին հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ Մոսկվայի կառավարության աջակցությամբ Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված «Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում» միջազգային համաժողովում։
Անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից հայերի բնաջնջման պատճառներին՝ փորձագետն ընդգծել է, որ հայերը խանգարում էին «Մեծ Տուրան» նախագծի ստեղծմանը՝ կարծես սեպի պես անջատելով Օսմանյան Թուրքիան մնացած թյուրքական աշխարհից։ Նա նշել է, որ հայերի ոչնչացման խնդիրը վերահսկվում էր կառավարական մակարդակով, ինչի մասին վկայում է այն փաստը, որ հայերի տեղահանություններն ու սպանությունները ղեկավարում էին երիտթուրքերի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան։
«Թե ինչու թուրքերը դեռևս չեն ցանկանում ճանաչել ցեղասպանության փաստը, պատճառն այն է, որ դա նաև ահռելի գումարներ է։ Զոհված հայերի սեփականությունը թալանվել է ամբողջությամբ։ Օսմանյան կայսրությունում ստեղծվել էր հայերի և հույների լքված գույքի թյուրքացման 31 հանձնաժողով։ Բայց այն ժամանակ չհասցրին ամեն ինչ թալանել. դա կազմում էր շուրջ $14 միլիոն, իսկ հիմա, ինչպես հասկանում եք, դա տրիլիոնավոր դոլարներ են։ Ուստի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժամանակ ամեն ինչ շարունակվեց, և հանրապետականների օրոք ստեղծվեց հայկական գույքի թյուրքացման 29 հանձնաժողով, որոնք աշխատեցին երկար տարիներ, մինչև որ ամեն ինչ բաշխեցին»,- նշել է Նադեին-Ռաևսկին։ [1]
Անդրադառնալով տարածաշրջանում այսօրվա գործընթացներին՝ ռուս փորձագետը փաստել է, որ այսօր ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի Սյունիքով ցանկանում են բացել պանթուրանական միջանցք։ «Այո՛, արդեն լուծարվել է մեկ հայկական պետություն՝ Արցախը։ Սա սարսափելի պատմություն է, որի մասին չի կարելի մոռանալ, քանի դեռ Արցախը լքած հայերը չեն վերադարձել իրենց հարազատ օջախներ։ Եվ ինչպես տեսնում եք, շարունակվում է հենց այս "Մեծ Տուրանի" ստեղծման գաղափարը, արդեն ստեղծվել է Թյուրքական պետությունների կազմակերպությունը։ Այնպես որ, Հայաստանի վրա շարունակում է կախված մնալ այդ սպառնալիքը, և ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար»,- նշել է Նադեին-Ռաևսկին։
Միևնույն ժամանակ ռուս փորձագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի համար ողբերգություն է, քանի որ նա կորցրեց Հարավային Կովկասի ամենաանվերապահ ռուսամետ հատվածը։