
Արմինֆո. Մայիս ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այդ մասին Facebook-ի իր էջից հաղորդել է շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ընդ որում, ինչպես նշել է երկրի գլխավոր օդերևութաբան, տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի: Ըստ էության, մայիսը կլինի ոչ ցուրտ, բայց՝ առատ տեղումներով: Սուրենյանը հիշեցրել է, որ, սովորաբար, մայիսը տարվա ամենախոնավ ամիսն է։ Որպես կանոն, տեղումները դիտվում են երեկոյան ժամերին եւ գիշերը։ Սառը զանգվածների ներթափանցման դեպքերը, գործնականում, բացառվում են։
Օդի ջերմաստիճանը, Սուրենյանի ասելով, մայիսին կլինի 5-6 աստիճան բարձր, քան՝ ապրիլին։ Օդի առավելագույն ջերմաստիճան կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում՝ Արարատի մարզում և Երևանում, որտեղ սնդիկի սյունը կհասնի մինչեւ +30։
Կենտրոնի տվյալների համաձայն, մայիսի 2-6-ը երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին' հարավ-արևմտյան, քամու արագությունը՝ մինչեւ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու արագությունը կուժեղանա մինչև 16-20 մ/վրկ: Մայիսի 3-4-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Շիրակի մարզում մայիսի 2-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +13-ից մինչեւ +18, Կոտայքի մարզում ՝ +14-ից մինչեւ +21: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +14-ից մինչեւ +17, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +18-ից մինչեւ +21-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +18-ից մինչեւ +23: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +13-ից մինչեւ +22 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +20-ից մինչեւ +25: Արմավիրում ցերեկը սպասվում է +23-ից մինչեւ +25 աստիճան։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +13-ից մինչեւ +25, Սյունիքի մարզում՝ +12-ից մինչեւ +27:
Երևանում նույնպես նշված ժամանակահատվածում գիշերը և ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' մինչեւ 16-19 մ/վ արագությամբ: Մայիսի 2-ի ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի +22 - +24.