


Արմինֆո. ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե երկրում իշխանափոխության դեպքում հնարավոր է պատերազմ:
Մայիսի 6-ին Ազգային ժողովի լիագումար նիստում պատասխանելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե արդյոք վարչապետի հայտարարություններում տրամաբանական է համարում նման պնդումները, եւ արդյոք այդ պնդումները հիմնավորվում են ԱՀԾ տվյալներով, Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում միմյանց հետ մրցակցող քաղաքական ուժերը սկսում են կասկածի տակ դնել խաղաղության ճարտարապետության հիմքերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը կարող է խաթարվել: Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է ընկալել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Ի պատասխան՝ Արմենուհի Կյուրեղյանը ենթադրություն է հայտնել, որ ԱՀԾ-ը տվյալներ չունի իշխանափոխության դեպքում պատերազմի հնարավորության մասին, և խոսքը վարչապետի հերթական քաղաքական հայտարարության մասին է: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, նման բնույթի հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իշխանության ներկայացուցիչներին, եւ այդ հայտարարությունների մեջ պետք չէ որեւէ տրամաբանություն փնտրել։



