


Արմինֆո.ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը փորձել է "բելառուսական հետք" հաղորդել Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շտաբի ղեկավարի դեմ մահափորձին:
Մասնավորապես, "Հայկական Ժամանակ" օրաթերթը հաղորդել է, թե, իբր, Բալահովիտում ՔՊ շտաբի ղեկավարի դեմ մահափորձ կատարած անձինք Հայաստան են ժամանել Բելառուսից։ Նաեւ նշվում է, թե, իբր, գործողությունն իրականացրել է ոմն Տիգրան Մնացականյան, ում աջակցել են Վլադիմիր Խուդիյանն ու Գոռ Սահակյանը:
Հատկանշական է, որ Բալահովիտում տեղի ունեցած միջադեպի փաստի առնչությամբ Քննչական կոմիտեից ԱրմԻնֆո-ի միայն չոր-չոր հաղորդել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ հաղորդել են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին և կատարվել է Արարատի մարզի բնակիչների կողմից:
Հետաքրքրական է, որ Հայաստանի կառավարության հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքը փորձում է այս, ամենայն հավանականությամբ, կենցաղային միջադեպին հաղորդել կառավարող ուժի համար շահեկան արտասահմանյան երանգավորում, պնդելով, թե, իբր, դա արվել է ՌԴ-ի և Բելառուսի պատվերով։ Վերն ասվածը մի քիչ ծիծաղելի է թվում, չէ որ՝ այդ ով պետք է լինի այդ ոչ մեծ համայնքի շտաբի ղեկավարը, որպեսզի նրա վրա հանկարծ հարձակում կատարվի Ռուսաստանի և Բելառուսի ցուցումով։



