
Արմինֆո. Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է ամենաբարձր մակարդակին հենց Հայաստանի գործող իշխանությունների օրոք։ Այդ մասին մայիսի 7 - ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով այն մասին, թե որ երկրների հետ է իրենց քաղաքական ուժը մտադիր համագործակցել:
Կարապետյանի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակն է հարաբերություններ հաստատել բոլոր երկրների և կազմակերպությունների հետ, որոնցից Հայաստանը կարող է օգուտ քաղել: "Եվ բոլորովին կարևոր չէ, թե դրանք որ երկրներն են լինելու։ Օրինակ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի լավ հարաբերություններ ունենանք եվրոպական այն երկրների հետ, որտեղ ունենք սփյուռք։ Մեր հայրենակիցները պետք է այնտեղ բարեկեցիկ ապրեն։ Ես՝ ինքս , ավելի քան 30 տարի ապրել եմ հայրենիքից դուրս և միշտ գիտակցել եմ Հայաստանի վարած քաղաքականության կարևորությունը այն երկրների հետ, որտեղ մենք ունենք Սփյուռքի ներկայացուցիչներ: Երկրի ղեկավարի ցանկացած սխալ նրանց վրա չափազանց թանկ է նստում", - հավելել է կուսակցության առաջնորդը։
Որպես օրինակ՝ Կարապետյանը նշել է այն խնդիրները, որոնց բախվել են Ռուսաստանի հայերը, այդ թվում՝ միգրացիոն բնույթի ։ "Ինչ վերաբերում է իմ ռուսամետությանը, ապա ես միշտ Ռուսաստանը համարել եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար առաջնայինը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են", - հավելել է Կարապետյանը:
Ընդ որում, նա հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է թույլ տալ ռուսամետ ուժերին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նշելով, որ դա կոռեկտ չի համարում: "Այսօր ողջ աշխարհում խոսում են այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում ։ Ռուսաստանում դա արվել է ամենաբարձր մակարդակով։ Բայց մենք չգիտենք, թե Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինչի մասին է խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Կարծում եմ ՝ այնտեղ էլ խոսվել է այն ապօրինությունների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի կախվածությանը Ռուսաստանից, ապա հենց գործող իշխանությունների օրոք այն գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե որևէ մեկին թվում է, թե երկիրն ապրում է իշխանությունների բյուջեի հաշվին, ապա չարաչար սխալվում են։ Մենք լիովին կախված ենք արտաքին տրանսֆերտներից, այդ թվում ՝ ռուսական ։ Եվ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղել և կմնա ռազմավարական դաշնակից, գլխավոր տնտեսական դաշնակից, քանի որ այսօր այլ հնարավորություններ երկիրը դեռևս չունի։ Բայց մեր իշխանության օրոք դուք կտեսնեք, թե այդ կախվածությունն ինչպես է նվազելու", - վստահեցրել է Կարապետյանը։
Կուսակցության առաջնորդը նաև իր դիրքորոշումն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ, ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններն արդեն մի քանի տարի շարունակ ոչինչ չեն ձեռնարկում կազմակերպությունից դուրս գալու համար, չնայած քննադատություններին, և հռետորական հարց է հնչեցրել, թե ինչու դա չի արվում։ "Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ երկիրը դեռևս ռազմական բնույթի այլ կառույցի մեջ չէ ։ Լինելով փոքր երկիր ՝ մենք չենք կարող գոնե մեկ նման կառույցի անդամ չլինել", - նշել է Կարապետյանը։
Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ կուսակցության առաջնորդը վստահեցրել է, որ իրենք մտադիր են լավ հարաբերություններ ունենալ երկրի հետ, բայց՝ պայմանով, որ դրանք կբխեն Հայաստանի շահերից։ "Ինչպես արդեն ասացի, մենք բոլորի հետ լավ հարաբերություններ կունենանք, բայց՝ հաշվի առնելով մեր երկրի շահերը։ Եվ ոչինչ չի մոռացվի", - ամփոփել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Պուտին-Փաշինյան բանակցությունները ։ Հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, կողմերը փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի դժգոհությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի, ԵՄ-ին Երևանի ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ: Դիրքորոշումը հստաաաակեցվել է նաև ատոմակայան կառուցելու և Հայաստանում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին հետապնդելու վերաբերյալ։ Փաշինյանն, իր հերթին, վստահեցրել է երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթի մասին, հիշեցրել ՀԱՊԿ-ի հանդեպ ունեցած դժգոհությունների մասին, փորձել է Արցախը հանձնելու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա և հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիները չեն կարող մասնակցել Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին: