


Արմինֆո. Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Մի կողմից՝ սրանք գիտակցում են, որ Արցախի թեման որևէ ձևով մարսել չի լինում, մյուս կողմից՝ մարդիկ ակտիվորեն բարձրաձայնում են ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի և իշխող ուժի անտարբեր վերաբերմունքի մասին։
Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է կամ չի կարևորում դա․ ինչ-որ պահի դա ոչ միայն ընդգծված արտահայտվելու է, այլ նաև դառնալու է որոշիչ գործոն», - նշել է Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունների, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳՆ հայտարարությունների համաձայն, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված շուրջ 200 քառ.կմ տարածքը մնում է ադրբեջանական ուժերի օկուպացիայի տակ: Այդ տարածքները գրավվել են 2021-2022թթ ․ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում սահմանային մի քանի ներխուժումների ընթացքում ։



