
Արմինֆո. Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Զոհրան Մամդանին, ով հիշեցրել էր Ադրբեջանի կողմից արցախահայության ցեղասպանության մասին, թիրախավորվել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական հարձակումների կողմից։ Որպես զենք օգտագործվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ամերիկյան մամուլում Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Զոհրան Մամդանիի դեմ տարածվող հոդվածներին, ով հիշեցրել էր Արցախի հայաթափման մասին։
Ինչպես հիշեցրել է Հայրապետյանը, Նյու Յորքի քաղաքապետի թեկնածուն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ապրիլի 23-ին կատարած իր գրառման մեջ անդրադարձել էր Արցախի իրադարձություններին՝ հիշեցնելով, որ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ «Մամդանին ընդգծել է, որ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100,000 հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը», - հավելել է փորձագետը։
Հայրապետյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դրանից հետո Մամդանին դարձել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական հարձակումների թիրախ։ Միաժամանակ նա մանրամասնել է, թե հատկապես ինչպես է դա տեղի ունենում։
«Նրա դեմ պատվիրված և վճարված հոդվածները ամերիկյան մամուլում շարունակում են հրապարակվել մինչ օրս։ Նյու Յորքի Daily Media թերթի մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակված հոդվածում քաղաքապետի թեկնածուին պատասխանում են, գուշակեք՝ ում բառերով։ Իհարկե, Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլհամ Ալիևի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառերով, ով հայտարարել էր. «Այդ ո՞նց եղավ, որ 1939 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, իսկ 1950 թվականին այդ օրակարգը հայտնվեց, դա ո՞նց պատահեց»։ Երբ ես ասում եմ, որ գործող իշխանությունների յուրաքանչյուր բառն ու գործողությունն ուղղված է մեր դեմ, նկատի ունեմ հենց սա։ Հասկանո՞ւմ եք այս ամենի վտանգավորության աստիճանը»,- եզրափակել է Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սկզբին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը կասկածի տակ էր դրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է եղել և ինչու է եղել։ Եվ մենք դա ոնց ենք ընկալել, ում միջոցով ենք ընկալել. ո՞նց եղավ, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, իսկ 1950 թվականին այն հայտնվեց։ Թե դա ոնց եղավ, մենք պիտի հասկանանք, թե՞ չպիտի հասկանանք»,- նշել էր ՀՀ վարչապետը։ Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նա կամ տեղյակ չէ, որ «Ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի կողմից միայն 1944 թվականին, կամ էլ նպատակաուղղված փորձում է ստեղծել նարատիվ, թե «այդ հարցը արհեստականորեն բարձրացվել է Խորհրդային Միության կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ «անհրաժեշտ է դադարել հայրենիք փնտրել պետության միջազգայնորեն ճանաչված 29,743 քառ. կմ-ից դուրս, քանի որ հակառակ դեպքում երկիրը կարող է կորցնել պետականությունը»: