
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական դեսպան Էն Մարի Յաստիշոկի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ դիտարկելու ԹՐԻՓՓ ծրագրի առաջ մղման քայլերը։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
«Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները, նշանակալի առաջընթաց է արձանագրել 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի առանցքային պայմանավորվածություններից մեկի՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված գործառնական և իրավական հարցերի շուրջ։ Փոխվարչապետ Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և փոխկապակցվածության ներուժը։
Միասին մենք կառուցում ենք ենթակառուցվածքներ առավել բարգավաճ ապագայի համար», - ընդգծվում է հաղորդագրությունում։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: