
Արմինֆո.Վերջին օրերին Փաշինյանի և նրա համախոհների չափազանց ոչ համարժեք, հիստերիկ դրսևորումները պայմանավորված են ընտրություններին մասնակցելու պատրաստ մարդկանց թվի աճով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Նրա կարծիքով՝ միտումնավոր լարվածություն և կոնֆլիկտներ առաջացնող իշխանության ներկայացուցիչների հիստերիայի պատճառներն ակնհայտ են և բաղկացած են մի քանի հիմնարար հանգամանքներից:
«Նախ՝ մենք գիտենք, որ նրանք «non-stop» ռեժիմով ստանում են փակ հարցումների տվյալներ, և այնտեղ ակնհայտ երևում է, որ իրենց չի հաջողվում բեկում մտցնել մարդկանց տրամադրություններում։ Մարդիկ պարզապես մերժում են Փաշինյանի թուրք-ադրբեջանական «խաղաղության» հայեցակարգը։
Ըստ էության, մարդիկ հասկանում են, որ խոստացվող խաղաղությունը վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ բացառապես «Արևմտյան Ադրբեջանին»։
Երկրորդը վերաբերում է այն հանգամանքին, որ կտրուկ աճել է ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն դրսևորող մարդկանց քանակը, ինչը, իր հերթին, ուղղակի զրոյացնում է իշխանության շանսերն ապագա ԱԺ-ում «ՔՊ»-ին լուրջ ներկայություն ապահովելու համատեքստում։
Եվ, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, Փաշինյանն ու իր թիմակիցները որոշել են կտրուկ լարել իրավիճակը՝ նախընտրական զարգացումները տեղափոխելով գռեհկության, ստի և վիրավորանքների դաշտ։ Այսինքն՝ վերածել նախընտրական գործընթացը ապուշ, խուժանային, անիմաստ և «ղժղժան» շոուների՝ մի կողմից «ցեմենտացնելով» իրենց զանգվածը, մյուս կողմից՝ նորմալ, բայց քաղաքականապես փոքր-ինչ պասիվ մարդկանց մոտ առաջացնելով զզվանք ընտրական գործընթացի հանդեպ։ Այսինքն, դեմոտիվացնել մարդկանց։
Զուգահեռաբար ակտիվորեն տարածվում է նաև մեկ այլ սուտ թեզ, թե իբր «ամեն ինչ արդեն որոշված է», և իրենք միևնույն է՝ վերարտադրվելու են։
Սակայն զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանը և իր թիմակիցները ցնցումների մեջ են և իրենց մոտ դա չի ստացվում, քանի որ ականատես են դառնում հասարակության հակառակ արձագանքին։ Ավելին՝ մարդիկ, ովքեր սկզբում մտադրություն չունեին մասնակցել ընտրություններին, իշխանության այս հիստերիկ պահվածքին հակառակ որոշում են, որ, այնուամենայնիվ, պետք է գնան և իրենց քվեով վերջ տան այս ապուշ իրավիճակին, որի ներքո հայկական հասարակությունն արդեն գրեթե ութ տարի գոյատևում է։
Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր դեռ մտածում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ ընտրությունների, պետք է հետևություններ անեն, եթե, իհարկե, չեն ցանկանում ապրել «Արևմտյան Ադրբեջանում», - ընդգծել է Աբովյանը։