


Արմինֆո. "Հինգ իրավապաշտպաններ" նախաձեռնությունը դատապարտել է դիմակավորված հինգ անձանց մասնակցությամբ ավելի վաղ տարածված տեսանյութի օգտագործումն արցախցիների դեմ, որտեղ սպառնալիքներ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Ավելի վաղ իշխանամետ լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտում անհայտ անձինք զենքը ձեռքներին Արցախի բարբառով սպառնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ անում ՀՀ քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում չքվեարկել նրա օգտին:
«Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։ Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի», - ասվում է նախաձեռնության Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ տարածված տեսանյութի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հաղորդելով, որ գերատեսչությունում քրեական գործ է հարուցվել Փաշինյանին սպառնալու դեպքի առթիվ:
"ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն՝ հանցագործո0ւթյուն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ", - գրել է Ավդալյանը:



