
Արմինֆո. Միջազգային իրավագետների հանձնաժողովի (ՄԻՀ/ICJ) նոր զեկույցում նշվում է, որ Բաքվում Արցախի առաջնորդների նկատմամբ իրականացվող այսպես կոչված «դատական գործընթացները» չեն համապատասխանել արդարության և կողմերի իրավահավասարության այն երաշխիքներին, որոնք պահանջվում են մարդու իրավունքների միջազգային իրավունքով։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Արդարադատությունը ճնշման տակ. փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» խորագրով զեկույցում ընդգծվում է, որ ամբաստանյալները կանգնել են զինվորական դատարանի առաջ այնպիսի պայմաններում, երբ նրանց զրկել են իրենց ընտրությամբ փաստաբանի արդյունավետ հասանելիությունից, նրանք բախվել են ոչ պատշաճ թարգմանության և գործի նյութերը ստացել են իրենց համար անհասկանալի լեզվով։
ՄԻՀ-ն ընդգծել է նաև, որ լսումներն անցկացվել են հիմնականում դռնփակ, և միջազգային դիտորդների, օտարերկրյա լրատվամիջոցների ու ընտանիքի անդամների հասանելիությունը մերժվել է։
«Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, զեկույցում մտահոգություն է հայտնվում 1988 թվականի իրադարձությունների հետ կապված մեղադրանքների առնչությամբ, քանի որ նշվում է, որ նա «որևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել այն ժամանակահատվածում, որին վերաբերում են մեղադրանքները»»,- ասված է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ։
Զեկույցի տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ icj.org:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուրն են։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։