
Արմինֆո. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ACPR) ահազանգում է քաղաքական հետապնդումների սպառնալիքի առկայության մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում չորս ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների ֆոնին:
Ինչպես այս կապակցությամբ հիշեցվում է ACPR-ի՝ Facebook-ի էջում հրապարակված զեկույցում, մայիսի 18-ին՝ երկրում սպասվող հունիսյան խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, հայաստանյան վարչապետը ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնացել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչների, որոնցից երեքը գլխավորում են նախընտրական պայքարին մասնակցող քաղաքական ուժերը:
«Որպես սպառնալիքների «հիմնավորում»՝ Փաշինյանը հղում է արել անհայտ ծագման մի տեսանյութի, որտեղ չորս զինված դիմակավորված անձինք սպառնում են իրեն: Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը տեսանյութը վերագրել է ընդդիմադիրներին՝ պնդելով, թե դիմակավորված անձանց հետևում կանգնած են իր քաղաքական մրցակիցները»,- հիշեցրել են ACPR-ում:
Այս կապակցությամբ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում Փաշինյանի նմանատիպ սպառնալիքներին հաջորդել են ուժային կառույցների գործողությունները: «Վարչապետի կողմից նախընտրական շրջանում արված նման սպառնալիքներն ինքնին հարցականի տակ են դնում ընտրական պայքարի արդարությունը և քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։ Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև ուժային կառույցների ու դատական համակարգի վրա Փաշինյանի ունեցած ազդեցությունը՝ մայիսի 18-ին հնչեցված հաշվեհարդարի սպառնալիքները պետք է լուրջ ընդունվեն և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք»,- նշել են Կենտրոնում:
ACPR-ից նաև հայտնել են, որ սույն զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, դրանց մասնագիտացված գրասենյակներին ու համապատասխան պաշտոնատար անձանց, դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև Հայաստանում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին:
Զեկույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1IZRBkwSZ2BOuSaAPJRGHA-XnimnRTFfr/view
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանամետ լրատվամիջոցները տարածել էին մի տեսանյութ, որտեղ զենքով զինված անհայտ անձինք արցախյան բարբառով սպառնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին կոչ անում խորհրդարանական ընտրություններում չքվեարկել նրա օգտին։ ՀՀ Քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը ցուցադրել է այդ տեսանյութը, որից հետո սպառնացել է ընդդիմության առաջնորդներին՝ մասնավորապես հայտարարելով. «Էս լակոտներին նայեք: Դիմակներ են հագել ու իրենց հերոսի տեղ են դնում: Էս էն նույն հերոսներն են, որ տակները արած՝ թողեցին մեր զինվորներին: Լակոտնե՛ր, դիմակները հանեք ու դուրս եկեք, ա՛յ նալոգներ, հատ-հատ գտնելու եմ ձեզ, էդ դիմակները հանեմ ու մտցնեմ ձեր մի տեղը: Ես ձեզ ծնկի եմ բերելու: Դիմակները հանեք ու կամավոր ներկայացեք: Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի լակոտներին նայեք»:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ՀՀ ՆԳՆ և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Երևանում ավելի քան մեկ տասնյակ հասցեներով խուզարկություններ իրականացնելու մասին: «ԱրմԻնֆո»-ին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից հաստատել են, որ իրավապահները խուզարկություններ են անցկացնում հայկական մայրաքաղաքի 15 հասցեներում: Նախարարությունից այլ մանրամասներ չեն հայտնել: Միևնույն ժամանակ, իշխանությունների հետ կապվող լրատվամիջոցների հաղորդմամբ, իրավապահները փնտրում են ապօրինի պահվող զենք և զինամթերք: