
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն զբաղվում, այլ նաեւ չեն ուզում վերադարձնել հայ ռազմագերիներին Բաքվից, վախենալով երկրում հեղինակավոր մարդկանց հայտնվելուց, որոնք փորձում են միավորել արտագաղթած հայերին: Այդ մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում Ախուրյանում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Մինչդեռ, նրա խոսքով, ինքը տեսնում է ադրբեջանական գերությունից նրանց վերադարձի հնարավորություն։ "Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցով չեն զբաղվում։ Նրանց ասելով՝ դա "նուրբ թեմա է, ուստի նրանք չեն հրապարակում այն": Սակայն, մայիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ արցախցիների հասցեին հայտարարություններն այլ բան են վկայում. նրանք ոչ միայն չեն զբաղվում այդ հարցով, այլ նաև ուզում են, որ հայ ռազմագերիները մնան Ադրբեջանում, որպեսզի հեղինակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ (Հայաստանում - խմբ.) և չփորձեն ինչ - ինչ նպատակների համար համախմբել արտագաղթած մարդկանց",- վստահ է "Հայաստան" դաշինքի առաջնորդը։
Քոչարյանը խայտառակ է համարել այն փաստը, որ այդ հարցը չի բարձրացվել անգամ Վաշինգտոնում համատեղ "խաղաղության մասին հռչակագրի" ստորագրման շրջանակներում, որն, ըստ նրա, իրականում ոչ մի ընդհանուր բան չունի խաղաղության հետ: "Նրանք պետք է այդ հարցը դնեին որպես նախապայման։ Չեմ կասկածում, որ դրա համար բոլոր հնարավորությունները կային։ Քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն քաղել է բոլոր օգուտները դրանից (ֆիկտիվ դատավարություններից - խմբ.)", - վստահ է Քոչարյանը։
"Հայաստան" դաշինքի առաջնորդը միաժամանակ վստահեցրել է, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը լինելու է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացներում իրենց պայմաններից մեկը: "Ես միշտ եղել եմ խոսքի մարդ։ Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի։ Բայց ես հավաստիացնում եմ, որ այդ հարցը կարող է լուծվել ողջամիտ ժամկետում, ես տեսնում եմ նման հնարավորություններ։ Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները շատ բան են տվել՝ փոխարենը ոչինչ չստանալով", - եզրափակել է Քոչարյանը, հարց տալով, թե դա դեռ որքան կարող է շարունակվել։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։