


Արմինֆո. Հայաստանի սահմաններին կներդրվի անշփում անցման ավտոմատացված համակարգ (e-gate)։ Նոր համակարգի ներդրման տեխնիկական բաղադրիչները դարձել են Ներքին գործերի նախարարությունում փոխնախարար Արմեն Ղազարյանի նախագահությամբ կայացած աշխատանքային քննարկումների առարկա:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։ Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։
Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները:
Նշենք, որ նոր տեխնոլոգիան հասանելի կլինի "Զվարթնոց" օդանավակայանում և հսկիչ անցակետերում՝ երկրի նոր սերնդի կենսաչափական անձնագրերին անցնելու շրջանակում: Հատուկ էլեկտրոնային դարպասները քաղաքացիներին հնարավորություն կտան անձնագրային հսկողություն անցնել ավտոմատ ռեժիմով ՝ առանց տեսուչի մասնակցության: Անշփում անցման համակարգը ներդրվում է նոր փաստաթղթերի ներդրմանը զուգահեռ, որոնց գործարկումը նախատեսվում է առաջիկա սեպտեմբերին: Էլեկտրոնային դարպասներից օգտվելու համար անհրաժեշտ կլինի նոր նմուշի անձնագիր' կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային չիպով:



