
Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հայաստանի առաջնորդի չմասնակցելը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնադրական մարմինների աշխատանքներին վերածվել է համակարգի, որը կառուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով համապատասխան հարցին, Զախարովան հաստատել է, որ հայկական կողմը պաշտոնական ծանուցում է ուղարկել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա ներկա գտնվել ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների առաջիկա հանդիպմանը, իսկ հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Զախարովան հավելել է, որ նախկինում էլ եղել են իրավիճակներ, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները այս կամ այն պատճառով չեն մասնակցել այս տնտեսական բլոկի մարմինների աշխատանքին։
«Նախկինում էլ է պատահել, տարբեր պատճառներով է դա տեղի ունենում։ Դա, իհարկե, ցանկալի չէ, այն չէ, ինչին բոլորը ձգտում են, բայց պատահում է։ Խնդիրը մի փոքր այլ բանում է․ նրանում, որ դա վերածվում է մի համակարգի, որը, ինչպես հասկացանք, այս ուղղությամբ՝ նկատի ունեմ տվյալ կառույցի աշխատանքի ուղղությամբ, ստեղծել է Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնելով, որ ԵԱՏՄ կանոնադրական մարմինների նիստերին պետք է մասնակցեն դրանց անդամները, դիվանագետը նշել է, որ, անշուշտ, միավորման համար որևէ ողբերգություն չկա գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու պատճառով։ «Հարցը միայն հենց Հայաստանի մեջ է։ Մենք նախընտրում ենք դատել որոշակի եվրոպամետ քաղաքականության իրականացման շրջանակներում Հայաստանի կառավարության կոնկրետ գործնական քայլերով և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա դրանց ազդեցությամբ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ հնարավոր չէ համատեղել անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորող մեխանիզմների ներդրման հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մոսկվան բոլոր մակարդակներում բազմիցս խոսել է այդ մասին։
Նրա խոսքով՝ այս ամենն ունի կոնկրետ պատճառ. այն է, որ արևմտաեվրոպական, եվրամիութենական այդ կառույցները «վարում են կործանարար քաղաքականություն՝ ապօրինի պատժամիջոցների քաղաքականություն հենց այն երկրների նկատմամբ, որոնք մտնում են ԵԱՏՄ կազմի մեջ»։ Զախարովան ընդգծել է, որ հենց այդ պատճառով էլ այս քայլը հակասության մեջ է մտնում։ Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել տարբեր ուղղություններով փոխգործակցության ներդաշնակ համադրմանը, քանի դեռ դա չէր վերածվել Արևմուտքի հիբրիդային տնտեսական պատերազմի ընդդեմ ՌԴ-ի։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում, և հավելել էր, որ վատ չէր լինի, եթե հայկական իշխանություններն օր առաջ կողմնորոշվեին այս հարցում։ Նրա խոսքով՝ ելնելով ընտրությունից՝ Մոսկվան կարող էր գնալ «քաղաքակիրթ ամուսնալուծության»։ Իսկ արդեն մայիսի 19-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում կդիտարկվի այս ինտեգրացիոն միավորմանն անդամակցության հարցը։ Երևանում էլ, արձագանքելով Մոսկվայի այս ազդակներին, հայտարարել են, որ ԵԱՏՄ-ում կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կհամարեն։