
Արմինֆո.Դոնբաս կատարած այցը կրել է հումանիտար բնույթ և ցույց է տվել, որ Հայաստանում բոլորը չէ, որ դեմ են հայ-ռուսական հարաբերություններին։ Այս մասին մայիսի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Դոնբաս իր այցը կարո՞ղ էր պատճառ հանդիսանալ իր նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար։
Մայիսի 20-ին Վանաձորում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Թևանյանը պետական դավաճանություն է կատարել։ Նա հավելել էր, որ մայիսի 21-ին «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործը կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով»։
Թևանյանը հիշեցրել է, որ այցը եղել է հրապարակային, այսինքն՝ մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել այն մասին, թե ինչ նպատակով է այն կազմակերպվել։ «Այցն իրականացվել է այնտեղ բնակվող հայ համայնքի հրավերով։ Հաշվի առնելով, որ դա ռազմական գոտի է, միանգամայն բնական է, որ մենք ցանկանում էինք տեղեկանալ, թե ինչ վիճակում են գտնվում այնտեղ բնակվող մեր հայրենակիցները։ Դա պետք է աներ պետությունը, բայց նրանց փոխարեն դա արեցինք մենք։ Այցի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել նաև Դոնբասի և Լուգանսկի ղեկավարության, նրանց խորհրդարանի անդամների հետ»,- պատմել է ընդդիմադիր գործիչը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միջազգային մամուլում իրենց այցն ապահովել է 200 միլիոն դիտում։ «Դրանով մենք նաև, որպես ռազմական դաշնակից (Ռուսաստանի - խմբ․) պետության ներկայացուցիչներ, ցույց տվեցինք, որ Հայաստանում բոլորը չէ, որ դեմ են հայ-ռուսական հարաբերություններին։ Այնտեղ մենք որևէ այլ դաշտ չենք մտել, այցը կրել է բացառապես հումանիտար բնույթ»,- ընդգծել է Թևանյանը։
Նա նաև չի բացառել, որ Հայաստանի իշխանությունները որոշել են «որոշակի ժեստ» անել Ուկրաինային և Զելենսկուն՝ ցույց տալով, թե տեսեք՝ մենք քայլեր ենք ձեռնարկում նրանց նկատմամբ, ովքեր այցելել են Դոնբաս։ Առավել ևս, ինչպես նկատել է ընդդիմադիրը, Դոնբաս կատարած այցից հետո Ուկրաինայում իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և չի բացառվում, որ հայկական իշխանություններն իրենց ժեստն արել են հենց այս կապակցությամբ։
«Բացի այդ, մեզ լուրեր են հասել, որ Հայաստանի դեմ իրականացվող այսպես կոչված հիբրիդային պատերազմի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող շրջանակները վերահսկվող երկրներում, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի հայերին, հրահանգներ են տվել գալ և աջակցել Փաշինյանին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում»,- հայտնել է Թևանյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն այցելել էր Դոնբաս, որտեղ մի շարք հանդիպումներ էր ունեցել։ Այցի շրջանակներում հայկական կողմը դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ էր փոխանցել տարածաշրջանային բժշկական հաստատություններին։