
Արմինֆո. Սեպտեմբերի 27-ին դաշնակցակաները իրար հերթ չէին տալիս առաջին վաշտի կազմում ռազմաճակատ մեկնելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը՝ ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտարկմանը, թե որտեղ են եղել դաշնակցակաները 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Սեպտեմբերի 28-ին արդեն ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում էինք։
Նոյեմբերի 9-ից հետո շատ հաճախ իրավիճակներ է եղել, որ երանի եմ տվել ընկերներիս, ովքեր չվերադարձան պատերազմից և չտեսան, չլսեցին այս ողբերգությունը, որի մեջ հայտնվեցինք։
Նրանք ընկան հույսով, հավատով, որ իրենցից հետո պայքարը շարունակվելու է։
Ավելի նախընտրելի էր հույսով, հավատով մահը, քան ականատեսի աչքերով ապրել ու տեսնել այն ողբերգությունները, որ բերեցին մեր գլխին։
Մենք չհանձնվեցինք, չկոտրվեցինք, բոլոր անհաջողություններով ու դժվարություններով հանդերձ շարունակեցինք պայքարը այն արժեքների համար, որի համար մեր ընկերներից շատերը մարտադաշտից չվերադարձան։
Հետո եկավ դավաճանված պատերազմի ծանր պարտությունը՝ պայքար պարտության ու նվաստացման դեմ։
Մեր ազգային արժանապատվության համար պայքարը մարտադաշտից բախտի բերմամբ ողջ վերադարձածներիցս շատերին անցկացրեց բանտերի, դատարանների, հետապնդումների և մի շարք այլ դժվարությունների ճանապարհով։
Հասկացան, որ դա էլ չկոտրեց մեզ, և պետք է այլ մեթոդներ՝ մեզ կոտրելու ու վարկաբեկելու համար։
Հիմա անպատկառ լկտիությամբ հայտարարում են, թե մենք որտեղ էինք պատերազմի ժամանակ, կամ՝ եթե ողջ եք ու չեք զոհվել, ուրեմն մարտադաշտում չեք եղել։ Սա է մեր խայտառակ իրականությունը, երբ կռվից թռածները մեղադրում են կռվից ողջ վերադարձածներին՝ ողջ մնալու մեջ», - գրել է դաշնակցականը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Այդ հարձակումներին արձագանքել է նաև ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը, ով նշել է, որ 50-ից ավելի դաշնակցականեր չեն վերադարձել 2020 թվականի պատերազմից։ "Այսօր իմացա, որ երևանցիների ընդամենը 9 տոկոսի աջակցությամբ Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ցանկություն է հայտնել իմանալ, թե որտեղ են եղել դաշնակցակաները, այդ թվում ՝ ՀՅԴ ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ: Ասեմ․ նրանք եղել են ռազմաճակատում, մարտական դիրքերում։ Ընդ որում ՝ դաշնակցական կամավորները զորամասերում հայտնվել են ավելի շուտ, քան Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտպանության նախարարը վերադարձել է Հայաստան։ Դաշնակցական կամավորները պատերազմի են գնացել առաջին օրվանից, չսպասելով, թե Փաշինյանը ինչ բուկլետներ կգտնի, այսպես կոչված, "հաղթելու ենք" կարգախոսով", - նշել է պատգամավորը։
Նա հավելել է, որ դաշնակցակաները պատերազմի են գնացել ՀՅԴ Բյուրոյի նախագահ Սիմոն Սիմոնյանի գլխավորությամբ, իսկ նրանց շարքերում եղել են Բյուրոյի անդամների երեխաները, քանի որ իրենք այդ տարիքում չեն եղել: "Հրանտ Մարգարյանի երկու որդիները, Գեղամ Մանուկյանի որդին, արցախցի դաշնակցականներ և նրանց որդիները, դաշնակցականներ Սփյուռքից, այդ թվում ՝ Կենտրոնական բյուրոյից։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք կորցրել ենք շուրջ 50 մարդ ՝ դաշնակցական կամավորական ջոկատում ընդգրկված ազատամարտիկներ, ժամկետային զինծառայողներ, այդ թվում ՝ Արցախի Պաշտպանության բանակում ծառայողներին չեմ հաշվում, որովհետև, եթե նրանց էլ հաշվենք, թիվը շատ ավելի մեծ կլինի։ Եվ այո, ես չեմ հարցնում, թե իշխող "Քաղաքացիական պայմանագրի" քանի ներկայացուցիչ է զոհվել այդ պատերազմում, որովհետև ես կնախընտրեի, որ այդ պատերազմը չլիներ և այդ զոհերը չլինեին։ Բայց այդպիսով ուրանալ ու մոռացության տալ դաշնակների մասնակցությունը պատերազմին, դա արդեն ցինիզմի գագաթնակետն է", - հայտարարել է Խաչատրյանը։