
Արմինֆո. «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի ԿԸՀ-ին կոչ է արել պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:
«Նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների:
Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:
Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` տուրք չտալու գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին, և իրականացնելու արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: Մենք նաև դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկելու վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու», - ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Նշենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստով: Քննչական կոմիտեից հայտնել են, որ ԱԱԾ - ից հաղորդում են ստացել, թե, իբր, Թևանյանը "հավաքագրվել է 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ, ով եղել է "Ռուսաստան-Կովկաս" աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, իրականացրել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինաբար 622 հազար դոլարով վերջինիս է փոխանցել 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում տեղի ունեցած լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն": Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, ուստի Քննչական կոմիտեի նման պնդումներն անհիմն են։
Ուշագրավ է, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցումից մեկ օր առաջ ՝ մայիսի 20-ին, Վանաձորում նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թևանյանը հայրենիքի դավաճան է։ Նա հավելել էր, որ մայիսի 21-ին "Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործը կուղարկի քննչական կոմիտե, ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի "հայրենիքի դավաճանություն" հոդվածով: Այնուհետև Հայաստանի վարչապետը կրկին խոստացել էր "վերջնականապես և ամբողջությամբ արմատախիլ անել "լրտեսական ցանցը" Հայաստանում" ։