
Արմինֆո.Հայաստանի ճակատագիրը չի որոշվում Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում, այն որոշվում է Երևանում։ Այս մասին «Ինչո՞ւ է Հայաստանում արմատականանում մթնոլորտը» խորագրով իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգն այն է, որ Երևանում կարծում են, թե Հայաստանի ճակատագիրը որոշվելու է մեկ այլ մայրաքաղաքում։ Մինչդեռ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում։ Հունիսի 7-ը բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։
«Եթե մենք այլ կերպ մտածենք, ապա ի վերջո ամեն ինչ կորոշվի Բաքվում։ Ցավոք, նախընտրական շրջանում մենք դեռևս չունենք այս կարևորագույն գաղափարի պատշաճ ընկալումը։ Մենք արձանագրում ենք զգալի էսկալացիա երկրի ներսում։ Մենք գնում ենք ներքին էսկալացիայի ճանապարհով։ Ներքին համերաշխության գաղափարը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հայաստանի առաջարկ» ծրագրի առաջատար դիրքորոշումն էր, բախվեց մեկ անձի կողմից հնչող ագրեսիայի և սպառնալիքների տարափին։ Ի՞նչ է ստանում Հայաստանը։ Ի՞նչ ենք ստանում մենք։ Ոչ ոք ոչինչ չի ստանում։ Մենք նաև էսկալացիա ստացանք արտաքին սահմանին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Արժե՞ր խաղալ Զելենսկու խաղը, երբ մեր տնտեսության բազմաթիվ ճյուղեր սնանկացման իրական ռիսկի տակ են։ Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր։ Բայց նա այնտեղ հակառուսական սադրիչ հայտարարություններ չարեց։ Նա ոչ մի բառ չասաց։ Նա գտնում էր, որ Ադրբեջանում սադրանքներն անթույլատրելի են, Ադրբեջանն այդպիսի երկիր չէ, իսկ Հայաստանում դա հնարավոր է։ Ինչո՞ւ նա դա արեց։ Եկեք մտածենք այդ մասին։ Ի դեպ, ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային հնարավոր արտահանձնման մասին՝ իբր Դոնբասում հակաուկրաինական գործունեություն ֆինանսավորելու համար»,- հայտարարել է քաղաքագետը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չգիտի՝ դա ճշմարտություն է, թե միֆ։
Վահե Հովհաննիսյանը նկատել է, որ չկա ռացիոնալ պատասխան այն հարցին, թե ինչու է կառավարությունն արմատականացնում մթնոլորտը։ «Հիմա տարբեր վերափոխումների համար իշխանության ղեկին գտնվելու լավագույն ժամանակը չէ։ Ինչո՞ւ է ծրագրային, թեկուզ սուր, բանավիճային մթնոլորտը վերածվում արմատականացման։ Այս հարցը պետք է քննարկվի հենց իշխանության ներսում։ Դրանից ոչ ոք չի շահի։ Ներքին էսկալացիան այսպես թե այնպես, այս կամ այն չափով, շատ արագ կհանգեցնի արտաքին էսկալացիայի»,- եզրափակել է քաղաքագետը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ