
Արմինֆո.«Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան համարձակ է, թող ազատագրի և հայ ժողովրդին վերադարձնի Սյունիքի ռազմավարական դիրքերը, որտեղ այսօր ադրբեջանցիներն իրենց զորամասերն են տեղակայել»։ Այս մասին Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդի կարծիքով՝ հենց գործող իշխանության բանակցել չիմանալն է հանգեցրել նրան, որ այսօր Ադրբեջանն օկուպացրել է հայկական տարածքները, իսկ Բաքվում պահվում են հայ ռազմագերիներ։ «Նա ոչ մի բան չի արել հայ ժողովրդի օգտին։ Նա խաբում է, երբ ասում է, թե այստեղ չի լինի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Մինչդեռ հունիսի 18-ից 19-ը Ադրբեջանը Նախիջևանում համագումար է անցկացնելու «Դեպի Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով։ Դրա համար էլ հայ ժողովրդի առջև այսօր, ըստ էության, ընտրություն է դրված՝ քվեարկել նրա օգտին, ով «եկեղեցիներ կկառուցի, թե՞ նրա, ով դրանք քանդում է»»,- ընդգծել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը նաև հիշեցրել է իրենց նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի հասցեին Փաշինյանի արած հայտարարությունները, թե նա «հայրենիքի դավաճան» է։ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետը նմանատիպ մեղադրանքներ է հնչեցնում նաև իր հասցեին։ «Բայց թող ապացուցի, որ ես լրտես եմ։ Եթե ապացուցի, ես ինքս կգամ հրապարակ, ու թող ինձ գնդակահարեն։ Բայց եթե չկարողանա ապացուցել, թող գա ու մտնի իմ առյուծի վանդակը, ընդ որում՝ արու առյուծի»,- եզրափակել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեում (ՔԿ) հայտնել էին Անդրանիկ Թևանյանի նկատմամբ «պետական դավաճանության և լրտեսության» փաստով քրեական գործ հարուցելու մասին։ Թևանյանին մեղսագրվում է 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանցում։ Իսկ մայիսի 24-ի գիշերը դատարանի որոշմամբ Թևանյանը երկամսյա կալանքի է ենթարկվել։ Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով։ Ինքը՝ Թևանյանը, աբսուրդային է անվանել քննության այս պնդումները՝ նկատելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, հետևաբար, Քննչական կոմիտեի նմանօրինակ պնդումները հիմքեր չունեն։ Գագիկ Ծառուկյանը նույնպես պահանջել է ապացույցներ ներկայացնել կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի հասցեին հնչող լրտեսության մեղադրանքների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ Թևանյանի մասին ասված ամեն ինչ զրպարտություն է, իսկ նա պարկեշտ, համարձակ մարդ է և հայրենասեր։