


Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել է Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնել են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, դա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինի։ «Մայիսի 26-ին կայացած ԿԸՀ արտահերթ նիստին ներկա են եղել «Ալյանս» կուսակցության լիազոր ներկայացուցիչները, ովքեր հաստատել են իրենց քաղաքական ուժի մշտական գործող մարմնի կողմից նման որոշման ընդունումը։ Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը»,- ամփոփել են հանձնաժողովում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր ինքնաբացարկի մասին։ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀԿՀ) եթերում հայտարարել էր, որ այն բոլոր կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն և միևնույն ժամանակ շարունակում են մնալ նախընտրական պայքարում, ապահովում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները։ «Չչարաշահելով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, ներվերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս պայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունը իրական, արտահամակարգային ընդդիմություն է՝ մեզ վրա թողնելով արմատական պայքարի և ժողովրդական ալիք ձևավորելու պարտավորությունը, եթե, Աստված մի արասցե, նրանք հաղթեն այս ընտրություններում»,- հայտարարել է Ուրիխանյանը։



