
Արմինֆո. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, որը հրապարակվել է նրա ընտանիքի միջոցով:
Իր ուղերձում Իշխանյանը պատմել է, որ հունիսի 1-ին լսումներ են տեղի ունենալու իրենց նկատմամբ ս.թ. փետրվարի 5-ի, այսպես կոչված, դատավճռի բողոքարկման վերաբերյալ: Նա նաև պատմել է, որ իրենք այդպես էլ չեն ստացել այդ դատական ֆիկցիայի վերաբերյալ մեղադրական ակտը ։ Նա նաև հաղորդել է, որ միջնորդել է, որպեսզի դատական նիստը հեռարձակվի, սակայն իր այդ դիմումը մերժվել է: Նրա խոսքով՝ սա ոչ թե դատ է, այլ՝ տրագիկոմեդիա։ Իշխանյանը նաև պատմել է, որ մինչ օրս չի ստացել Հայաստանի և Ադրբեջանի օմբուդսմեններին ուղղված իր դիմումների պատասխանները:
"Ինչ վերաբերում է այդ դատաստանին, ապա այն ձգձգվող է և քաղաքական գործընթացների հետ ներդաշնակվող։ Երկու-երեք ամիս առաջ՝ 2024 թվականի հունվար-փետրվարին, մեզ հետ շփվող պաշտոնյաներն անուղղակիորեն հասկացնում էին, որ "դուք այստեղ եք այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում են Հայաստանի իշխանությունները"։ Սկզբում մենք դրան ուշադրություն չէինք դարձնում և տարակուսում էինք ՝ ինչպես կարող է նման բան լինել, ինչպես կարող են մեր հայրենի իշխանությունները չուզենալ մեր վերադարձը։ Բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ շատ պարզ է։ Ցավոք, իրադարձությունների զարգացումը և այս դատավարությունը քաղաքական գործընթացներին, այդ թվում ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին համապատասխանեցնելու ձգտումը մեզ այլ կարծիք չեն թողնում ։ Եվ այդ կարծիքն արդեն վերածվում է համոզմունքի։ Հատկապես՝ վերջին իրադարձությունների ֆոնին, երբ ղարաբաղցիների հասցեին հնչում են իրականությանը բացարձակապես չհամապատասխանող հայտարարություններ։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց մի օր էլ առիթ կլինի այդ մասին խոսելու։ Բոլորի համար առանց այդ էլ ակնհայտ է, թե ով է մեղավոր, և ում գործունեության հետևանքով է այս ամենը տեղի ունեցել։ Ինչ էլ որ լինի, մենք այստեղ ենք մոտ երեք տարի։ Պետք է ասեմ, որ ոչ սկզբունքայնությունը, ոչ խոհեմությունը, ոչ ոգու և կամքի ուժը մեզ չեն լքել և չեն դավաճանել։ Այդպես կլինի նաև այսուհետեւ", - ասվում է նրա ուղերձում ։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։