


Արմինֆո.Դիլետանտիզմն ու պոպուլիզմն օտար են անվտանգության և պաշտպանության ոլորտներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արշավիր Ղարամյանը։
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական մանևրման հերթական արարը լիակատար հաճույք է պատճառել հայ հասարակության ռազմական և քաղաքականապես անզոր սեգմենտին։
«Ռազմաքաղաքական մանևրումը օգտագործվում է աշխարհաքաղաքականության և պաշտպանության ոլորտում անիմաստ, թատերական կամ իմիտացիոն գործողությունները նկարագրելու համար, որոնք մասնակիցներին կարճաժամկետ բարոյական բավարարվածություն են բերում, բայց չեն լուծում իրական խնդիրները և չեն հանգեցնում գործնական արդյունքների»,- հավելել է Ղարամյանը։
Նշենք, որ մայիսի 28-ին Հայաստանի իշխանությունները կազմակերպել էին զինվորական շքերթ, որտեղ ցուցադրեցին հայկական սպառազինությունը և նոր համազգեստը։ Փորձագետներն արդեն քննադատել են այն՝ փաստելով, որ Հայաստանի գործող իշխանությունները հայկական շքերթային համազգեստը կարել են ադրբեջանական ոճով։ Ավելին, գնված օտարերկրյա սպառազինության մի մասը պարզապես վերանվանվել է հայկական ձևով՝ ներկայացվելով որպես հայկական պաշտպանական արդյունաբերության ձեռքբերում։



