
Արմինֆո.Հայաստանի ուժայինները երրորդ օրն է ՝ խուզարկություններ են իրականացնում արցախցի Մհեր Միրզոյանի մերձավորների և հարազատների վարձակալած բնակարաններում ՝ դիմակավորված հինգ անձանց մասնակցությամբ հայտնի տեսանյութի գործի շրջանակներում, որտեղ սպառնալիքներ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։
Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել։
Առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանամետ լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ անհայտ անձինք զենքը ձեռքին Արցախի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ անում ՀՀ քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում չքվեարկել նրա օգտին: Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ։ Մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ցուցադրել էր այդ տեսանյութը, որից հետո սպառնացել էր ընդդիմության առաջնորդներին ՝ խոստանալով բոլորին "կզացնել": Հատկանշական է, որ ավելի ուշ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ սոցիալական ցանցերում սպառնալիքներ տարածող դիմակավորված անձինք Հայաստանի սահմաններից դուրս են: Նա նշել է, որ իրավապահ մարմինները պարզել են տեսանյութում երևացող անձանց մոտավոր շրջանակը ։