
Արմինֆո.Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը կոչ է արել արցախցիներին լրացնել հարցաթերթիկը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմում ներկայացնելու համար՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից զավթված սեփական գույքը պաշտպանելու նպատակով։
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբանը, դիմումների ընդունումը շարունակում է «Արա Ղազարյան» (Ara Ghazaryan) իրավաբանական գրասենյակը՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» (ICLaw) և «Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ «Դրանք վերաբերում են բնակիչների գույքային պահանջներին՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության, այն է՝ բնակարանների, տների, հողամասերի և այլ գույքի բռնի զավթման հետ։ Մեր ծառայությունն անվճար է»,- գրել է Ղազարյանը։
ՄԻԵԴ դիմելու համար, ինչպես նշել է փաստաբանը, անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը հետևյալ հղումով՝ google.com։ Բացի այդ, ինչպես հայտնել է Ղազարյանը, կարելի է զանգահարել (010) 220012 հեռախոսահամարով ժամը 10:00-ից 18:00-ն, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ հանդիպում կազմակերպելու համար, կամ այցելել իրավաբանական գրասենյակ՝ Բաղրամյան պողոտա, շենք 25, II հարկ, բնակարան 8 հասցեով։ «Բաց չթողնեք ձեր սեփականությունը պաշտպանելու հնարավորությունը»,- ամփոփել է միջազգային իրավունքի մասնագետը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» պատրվակով հերթական ագրեսիան իրականացրեց Արցախի դեմ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայի հետևանքով, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի լիակատար էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցի զրկվեց Հայրենիքից և դարձավ փախստական։
Հավելենք, որ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել նաև արցախցիների գույքը Ստեփանակերտում և Արցախի շրջաններում։ Երկրի երեսից ջնջվում են ամբողջական գյուղեր։