
Արմինֆո.Բաքվի Վերաքննիչ դատարանն սկսել է ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերիների պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը։
Ինչպես հաղորդել է Free Armenian Hostages («Ազատություն հայ գերիներին») նախաձեռնության մամուլի ծառայությունը, հունիսի 2-ին Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է հայ քաղաքական բանտարկյալների՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց գործերով վերաքննիչ լսումը։ Նիստը վարել է դատավոր Էլմար Ռահիմովը, մասնակցել են նաև դատավորներ Էմին Մեհդիևը և Մեհրիբան Գարաևան (պահեստային դատավոր՝ Ալի Մամեդով)։
«Ըստ հաղորդումների՝ ապահովվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպանների ներկայություն՝ իրավական ներկայացվածությունն ապահովելու համար։
Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդություններ՝ կապված բողոքների պարզաբանման, վկաների հարցման և Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) ներկայացուցչի մասնակցության հետ։ Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել մի շարք միջնորդությունների՝ նշելով, որ արդեն բավարար ապացույցներ են քննվել, իսկ նոր պահանջները բավարար հիմնավորում չունեն։
Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել, իսկ վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։
Գործերը վերաբերում են 2026 թվականի փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով նշանակվել են ցմահ և երկարաժամկետ ազատազրկման պատիժներ։
Մենք շարունակում ենք կոչ անել ապահովել բոլոր հայ պահվող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը և ազատությունը», - ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։