


Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը կավարտվի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ մինչեւ երդմնակալության պահը:
Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով ՝ քաղաքացիությունից հրաժարվելն ընթացքի մեջ է։ "Գործընթացը դեռ շարունակվում է։ Մի կասկածեք, այն ավարտին կհասցվի: Այս հարցով առաջիկայում դրական արդյունքների կհասնենք։ Հանգիստ եղեք, այն կավարտվի մինչեւ երդմնակալության պահը", - ամփոփել է Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում "Ուժեղ Հայաստան" դաշինքի կողմից վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առաջադրմանը, հայտարարել էր, որ Հայաստանի օրենսդրության և ՀՀ սահմանադրության համաձայն, 2, իսկ տվյալ դեպքում ՝ 3 երկրի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող պատգամավոր լինել կամ հավակնել երկրի վարչապետի պաշտոնին: Ի պատասխան՝ արդեն ապրիլի 15-ին Երեւանում Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ սկսել է Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց:
Հավելենք, որ հունիսի 2-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշել է տնային կալանքի տակ գտնվող "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին վերադարձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին:



