


Արմինֆո. Հայաստանում տեղական ժամանակով ժամը 20:00-ին ավարտվեց հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը փակվեցին:
Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել էր 48,92%: Այդ ժամի դրությամբ ընտրություններին քվեարկել էր 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում էին հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել էին 2500 ընտրատեղամասեր: Դրանց մեծ մասը կահավորված էր տեսախցիկներով։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն: Ֆավորիտների թվում են Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողները ահազանգում էին քվեարկության կազմակերպման ընթացքում բազմաթիվ խախտումների մասին:
ՀՀ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևում էին 647 միջազգային դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ԱՊՀ-ից, ԵԽԽՎ-ից, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից և այլն: Բացի այդ, ներգրավված էին ավելի քան 2600 դիտորդներ 13 տեղական կազմակերպություններից: Մոտ 250 տեղական և օտարերկրյա լրատվամիջոցներ էին հավատարմագրվել ընտրությունները լուսաբանելու համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



