


Արմինֆո. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքում: Քվեարկությանը մասնակցած 410 անձանցից 330-ը իրենց ձայնը տվել են իշխող ուժին: Տվյալները հրապարակել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ինչպես հայտնել է Հովակիմյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 13 մարդ, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 8, «Բոլորին դեմ» կուսակցության օգտին՝ 5, «Միասնության թևեր»-ի օգտին՝ 13, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին՝ 5, Մերիտոկրատական կուսակցության օգտին՝ 5, «Նոր ուժ» կուսակցության օգտին՝ 3, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 1: Եվս 22 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ընդհանուր առմամբ, ընտրության իրավունք ուներ 537 քաղաքացի:
ՀՀ ԿԸՀ-ից հիշեցրել են, որ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել են արտերկրում Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ծառայողները, նրանց հետ արտասահմանում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում երկարատև գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ Հայաստանից դուրս բնակվող ընտանիքի անդամները: Քվեարկությունն անցկացվել է մայիսի 26-ից 29-ը:



