


Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնի, կօգտագործի բոլոր օրինական միջոցները և հետամուտ կլինի ընտրախախտումների բացահայտմանը: Այդ մասին ասվում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հայտարարությունում:
«Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։
Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։
Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում», - գրել է Տոնոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ճշգրտումից հետո գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կորցրել է անցողիկ 4 տոկոսը եւ չի մտնի նոր խորհրդարան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հավաքել է ձայների 49,825 տոկոսը, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը՝ 23,281 տոկոսը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը՝ 9,934 տոկոսը: Իսկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը՝ 3,996 տոկոս։



