


Արմինֆո. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:
«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի առթիվ:
Այս մանդատը նորովի արտացոլում է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար», - ասվում է շնորհավորանքում:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որում, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը։ Սա կարևոր ազդանշան է, որ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է նաեւ Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոն.
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաջողության առթիվ։
Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակմանը»։ -



