


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
«Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր, որպեսզի ընտրակաշառք տալու և վերցնելու մեջ բռնվածները մինչև հաջորդ ընտրությունների ավարտը և արդյունքների հրապարակումը գտնվեն բանտում, ընդ որում, կարևոր չէ, թե այդ մարդիկ ինչ պաշտոններ են զբաղեցնում, սոցիալական որ շերտին են պատկանում և ինչ հարստության են տիրապետում:
Դրանով իսկ Փաշինյանն ինքնուրույն սահմանել է նման հանցագործների պատժի ժամկետները, միաժամանակ հավելելով, որ եթե դրա համար անհրաժեշտ լինի օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել, դա կարվի հիմա և առանց հապաղելու։ Նրա համոզմամբ՝ դա երկրում անվտանգության և ժողովրդավարության ապահովման խնդիր է։
Ինչպես հայտնի է դարձել, երկրի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ով հայտարարել է իշխող կուսակցության կողմից ընտրակեղծիքների առկայության մասին եւ վերահաշվարկի դիմում է ներկայացրել: Հատկանշական է, որ գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կորցրել է անցողիկ 4% տոկոսը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության նախնական արդյունքների ճշգրտումից հետո:



