


Արմինֆո.Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը Բաքվի վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ միջնորդել է նրան անմեղ ճանաչել և արդարացման դատավճիռ կայացնել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստի ընթացքում քննվել են հայ ռազմագերիների բողոքները իրենց նկատմամբ կայացված դատավճիռների դեմ։ «Արայիկ Հարությունյանի փաստաբանը միջնորդել է նրան անմեղ ճանաչել։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ինքը՝ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ համաձայն է իր պաշտպանական կողմի դիրքորոշման հետ»,- հայտնում են լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի՝ մյուս հայ ռազմագերիների փաստաբանները խնդրել են հետաձգել նիստը՝ իրենց ելույթները պատրաստելու համար։ Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 16-ին։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուրն են։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խ bարիոնետային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



